Նորություններ

Միջոցառում՝ ‹‹Գեղոն Հայաստանին›› խորագրով

Կրթական 2014-04-23

Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` ‹‹Գեղոն Հայաստանին›› խորագրով: Ամեն մի ժողովրդի համար թանկ ու սրբազան են իր անցյալի հիշատակները, իր ստեղծած պատմամշակութային գանձերը, բայց երևի քչերը կան, որոնց համար իրենց պատմությունը դարերի ճանապարհին այնպես նեցուկ է եղել, դասագիրք և ուղեցույց, ինչպես մեր պատմությունը:
‹‹Հայաստան, քարեղեն ես, քարքարոտ, արմատներդ խորն են խրված դարերի մեջ: Դարերից ես ավիշ ըմպում, չես ծերանում, լույս գալիքի հավատով ես հպարտ նայում ապագային: Աշխարհը գիտի և ճանաչում է մեզ: Մենք էլ մեզ գիտենք, և երբեմն նույնիսկ անհրաժեշտ է դառնում թերթել դարերի երկարություն ունեցող մեր երկրի կենսագրության էջերը››: Այսպիսի խոսքերով սկսեցին միջոցառումը հաղորդավարները:
 
Պատմական համառոտ ակնարկից (գրերի գյուտ, քրիտոնեությունը որպես պետական կրոն, մեր աշխարհագրական դիրքը, մեր երկրի բնական հարստությունները) հետո հաղորդավարները անցում կատարեցին մեր օրերը և խոսեցին մեր փոքրիկ երկրի մի մասը կազմող մեր հարազատ քաղաք Աբովյանի մասին: 
 
Աշակերտները պատմեցին Աբովյան քաղաքի հիմնադրման մասին,սիրելի քաղաքին նվիրեցին բանաստեղծություններ,երգեր ու պարեր,միաժամանակ հեռուստացույցով ցուցադրվեցին Աբովյանի տեսարժան վայրերը,Ն. Վանյանի 50-ամյակին նվիրված մեծ միջոցառումից հատվածներ: Շենանում է  մեր քաղաքը,որին նոր շուք ու հմայք է պարգևում անկրկնելի գանձերից մեկը` նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցին, որն անշուշտ իր խոսքը կասի եկեղեցական ճարտարապետության մեջ:
 
Միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին նաև նորօրյա հերոսների մասին:Դպրոցի երեկվա սաներին` Նիկոլայ Վանյան, Նորայր Կիրակոսյան, Արարատ Հարությունյան, Համլետ Հակոբյան, Կարեն Սահակյան, որ դարձան ազատամարտիկներ, մեծ գործի նվիրյալներ, ճակատագիրն էր բերել, միացրել մեկ նպատակի. ճակատագրի չխամրող այդ էջը Արցախն էր:
 
Ն. Վանյանը, որի անունը կրելու պատիվն ունի դպրոցը, իր ժողովրդի պատմության լեգենդը բացահայտեց սաներին: Միջոցառմանը մի առանձին հմայք հաղորդեցին հայրենասիրական բանաստեղծությունները, հայկական երգն ու պարը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: